Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխություններ 23.08.2016

  • Լավ լուր վարորդների համար․ ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

    2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:

    Հիշեցնում ենք, որ

    համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե

    1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,

    2. պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,

    3. վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,

    4.տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:

    Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`

    1.առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,

    2. լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,

    3 ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,

    4.տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները: Մինչև 100.000 դրամ վնասներով վթարների դեպքում վարորդների գործողությունների ուղեցույցին հանգամանորեն ծանոթանալու, ինչպես նաև համաձայնեցված հայտարարագրի ձևը բեռնելու համար այցելեք այստեղ :

  • Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից

    2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝

    1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,

    2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ, 

    3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:

    Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն:

    Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։

    Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝

    1. համաձայնեցված հայտարարագրի ներքո չընկնող գույքային վնասներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,

    2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին: Ճանապարհային ոստիկանությունն նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ: 

     

  • ԱՊՊԱ համակարգն անցնում է Ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին

       Սույն թվականի սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու: Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բունուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ:

       ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օն-լայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով:

       Ուշադրություն՝ Մինչև սույն թվականի սեպտեմբերի մեկը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերն սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված և այդ պայմանագրերում ևս վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Ապահովադիրների բոնուս – մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սույն թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ:

       Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները:

Թարմացվել է՝ 24.08.2016 12:14:36