RL 1-001 կանոնների գրանցման վերաբերյալ 05.09.2024
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 3-ին գրանցվել են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 18-ին, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում՝ Ապահովագրողի ընտրության էջում ԱՊՊԱ ոլորտում բոլոր Ապահովագրողների դեմ ներկայացված բողոքների և (կամ) գործարար վարվելակերպի, սպառողների սպասարկման որակը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ կիսամյակային վիճակագրությանը ապահովադրի հասանելիությունը ապահովելու վերաբերյալ փոփոխության, որն ուժի մեջ կմտնի ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։
Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝
1.Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումների առաջացման հետ կապված՝ Բյուրոյի կողմից ստացվել էին մի շարք մտահոգություններ և դժգոհություններ, այդ թվում՝ տվյալ խնդիրը վերջերս բարձրացվել էր ՀՀ կառավարության կողմից, իսկ նախորդ տարի մի քանի անգամ քննարկվել է ՀՀ ազգային ժողովում։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
-Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերում փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը սահմանվել է 400․000 ՀՀ դրամ գործող 200.000 ՀՀ դրամի փոխարեն։
-Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում ապահովագրողների համար սահմանվել է պարտավորություն՝ ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձին հեռախոսային խոսակցության ընթացքում մատչելի եղանակով ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձանց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։
2.Ներկայում առցանց հարթակում ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու գործընթացում ընտրություն կատարելիս սպառողները հիմնականում առաջնորդվում են առավել ցածր ապահովագրավճար առաջարկող ընկերության հետ պայմանագրի կնքման սկզբունքով՝ հաճախ անտեսելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված որակի գործոնը և սպասարկման պայմանները, ինչը մեծապես կապված է անհրաժեշտ տեղեկատվության բացակայության հետ։ Այս ամենը հետագայում նաև հանգեցնում է բողոքների և դժգոհությունների՝ մասնավորապես հատուցումների և այլ գործընթացների հետ կապված, իսկ ապահովագրական ընկերություններին էլ նոր ապահովադիրներ ձեռք բերելու համար մոտիվացնում է հիմնական շեշտադրումը դնել գնի, այլ ոչ թե մատուցվող ծառայության որակի վրա։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի թափանցիկությունը բարելավելու նպատակով, կանոններով սահմանվել է, որ ապահովագրողներն իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց էլեկտրոնային եղանակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում պետք է հրապարակեն ԱՊՊԱ ոլորտում ներկայացված բողոքների և (կամ) գործարար վարվելակերպի, սպառողների սպասարկման որակը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ կիսամյակային վիճակագրություն՝ Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված ձևաչափով։
3.Կանոնների համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնի կողմից ԱՄՄՊ-ում պատահարը գրանցելիս Ելակետ 1-ում և Ելակետ 2-ում պարունակող տվյալները ԱՄՄՊ-ում չմուտքագրվելու դեպքում ներբեռնված համապատասխան փաստաթղթերի հիման վրա դրանք պետք է մուտքագրվեն համապատասխան ԴՍԱ-ի կողմից։ Նման կարգավորման պայմաններում այն դեպքում, երբ Ելակետ 1-ում «մեղավոր չեմ» կամ «մեղավոր եմ» նշումը կատարվում է մեկից ավելի վարորդի կողմից համապատասխան ապահովագրական ընկերություններն սպասում են, որպեսզի մուտքագրման պարտավորությունը կատարվի մյուսների կողմից։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով հստակեցվել է այն ընկերությանը, ով ցանկացած դեպքում կրելու է այդ պարտավորությունը՝ սահմանելով պարզ կանոն, որ այդպիսին է համարվում Ելակետ 1-ում որպես «ՏՄ 1» նշված ավտոտրանսպորտային միջոցի գծով ԱՊՊԱ պայմանագիր կնքած ՊԿԱ-ին, իսկ այդ ավտոմեքենան ապահովագրված չլինելու դեպքում՝ այն ՊԿԱ-ին, որի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցին Ելակետ 1-ում տրված հերթական համարն ամենափոքրն է գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մյուս Ավտոտրանսպորտային միջոցներին տրված հերթական համարների համեմատ։ Այսպիսի լուծումը թույլ կտա նաև ԱՄՄՊ համակարգում տալ համապատասխան ծրագրային լուծում՝ ազատելով ապահովագրական ընկերություններին նման պարտավորության կրող լինելու հանգամանքը յուրաքանչյուր անգամ ստուգելու անհրաժեշտությունից։
4.Գործող կանոնների համաձայն՝ տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով փոխհատուցում ստանալու իրավունք ունի ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում ներկայացրած այն անձը, ով առաջին անգամ ներկայացրել է տուժողի մահվան վկայականի բնօրինակը։ Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ նոր օրենքի՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հիման վրա տրամադրվող բոլոր վկայականները՝ ներառյալ մահվան վկայականը, ինքնաշխատ պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգում և ունեն էլեկտրոնային փաստաթղթի տեսք։ Նման պարագայում հնարավոր չէ ներկայացնել մահվան վկայականի բնօրինակը, իսկ որպես բնօրինակ էլեկտրոնային փաստաթղթի վրա տպագրված տարբերակը հիմք ընդունելու դեպքում կարող են էական ռիսկեր առաջանալ՝ կապված հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցումը ոչ պատշաճ անձի տրամադրելու հետ։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով փոխվել է տուժողի հուղարկավորության ծախսերը կատարած անձի նույնականացման մեխանիզմը և որպես այդպիսին սահմանվել է քրեական գործով տուժող ճանաչված անձը։
5.Առողջապահության նախարարի հրամանի համաձայն հանվել է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման ձևը (Ձև 0001) լրացնելու և տրամադրելու պահանջը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից նույնպես հանվել է նշված փաստաթուղթը ներկայացնելու պահանջը։
6.Կանոններով սահմանված ամբուլատոր բուժօգնության ծառայությունից օգտվելու առավելագույն գումարի և ժամկետների մասով որոշակի տարընկալումներ էին առաջանում։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոններով հստակեցվել է, որ ամբուլատոր բուժօգնության որոշ ծառայություններից օգտվելու առավելագույն գումարի և ժամկետի սահմանափակումները կիրառվում են միայն մինչև ստացիոնար բուժօգնությունը տրամադրված ամբուլատոր բուժօգնության նկատմամբ, իսկ ստացիոնար բուժօգնությունից հետո սահմանափակումներ առկա չեն։
7.Ապահովագրական ընկերությունների կողմից մերժման դեպքերի գծով անիմաստ հատուցման գործընթաց չիրականացնելու նպատակով՝ ապահովագրական հատուցման մերժման հիմքերում ներառվել են նաև Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտադիր ապահովագրման պահանջից բացառությունները։
8.Կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։