Մասնագիտական փորձի փոխանակում՝ Հայաստանի և Էստոնիայի ավտոապահովագրական կառույցների միջև 31.10.2025
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և Էստոնիայի Ավտոապահովագրության Հիմնադրամը հեռահար ձևաչափով անցկացրել են աշխատանքային հանդիպում՝ փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց համակարգերի հիմնական առանձնահատկությունները՝
անդրադառնալով ապահովագրական գործընթացների ավտոմատացմանը, տվյալների փոխանակման մեխանիզմներին
և վնասների գնահատման ու հաշվառման միասնական մոտեցումներին։
Էստոնիայի գործընկերները կիսվել են իրենց թվային զարգացման փորձով՝ ներկայացնելով
հարթակներ և գործիքներ, որոնք կիրառվում են վնասների կարգավորման և վերլուծության ավտոմատացման
համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև մտքեր են փոխանակել ճանապարհային անվտանգության
և ապահովագրական պատահարների հաճախականության նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների
շուրջ։ Քննարկվել է պատահարների քարտեզագրման և հանրության համար դրա հասանելիության
ապահովման փորձը՝ որպես կանխարգելիչ միջոցառումների իրականացմոն կարևոր գործիք։
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը շնորհակալություն
է հայտնել գործընկերներին առաջադեմ փորձով կիսվելու համար և կարևորել նման համագործակցությունները՝
որպես եվրոպական փորձն ուսումնասիրելու և Հայաստոնում տեղայնացնելու հնարավորություն։
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի նախաձեռնողական մոտեցումը և ձգտումը՝
եվրոպական լավագույն փորձը համահունչ դարձնելու տեղական իրականությանը, հստակ օրինակ
են արդյունավետ և նպատակային համագործակցության։ Նման ձևաչափի գործընկերությունը կարևոր
է ոլորտի համընդհանուր զարգացման համար», - իր հերթին նշել է Էստոնիայի Ավտոապահովագրության
Հիմնադրամի Գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Պիրսալլուն։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝
փորձի փոխանակման ծրագրերի և մասնագիտական խորհրդատվությունների շրջանակում։
