Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-001 կանոնների գրանցում 22.03.2023

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թվականի մարտի 21-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 1-ին, բացառությամբ Կանոններում կատարված որոշ փոփոխությունների և լրացումների, որոնք ուժի մեջ կմտնեն ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։


Կանոններում կատարվել են ստորև հիմնական փոփոխությունները՝


1.Ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկացման պարտավորության կատարման դյուրինացման և ձևական պարտավորություններով ապահովադիրներին չծանրաբեռնելու նպատակով սահմանվել է, որ եթե պատահարում ներգրավված երկու կամ ավելի ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագրերը կնքված են եղել միևնույն ապահովագրական ընկերությունում, ապա դրանցից մեկի վարորդի կողմից ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկացման պարտավորությունը պատշաճ կատարվելու դեպքում մյուս ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից նույնպես այդ պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված՝ անկախ տվյալ ապահովագրական ընկերությանն անմիջականորեն իրենց կողմից տեղեկացնելու հանգամանքից։


2.Կատարվել են փոփոխություններ/լրացումներ՝ պայմանավորված նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քրեական վարույթի փուլերի ու դրանց շրջանակներում ընդունվող որոշումների հետ կապված կարգավորումների փոփոխության հետ։ Մասնավորապես, սահմանվել է դրույթ առ այն, որ քրեական  վարույթ իրականացնող մարմնի կողմից ԱՊՊԱ պատահարում անձի մեղավորության աստիճանը համարվում է որոշված նաև այն դեպքում, երբ ապահովագրական պատահարի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և (կամ) ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու հանցակազմի հատկանիշներով, սակայն ավելի քան երկու ամիս չի հարուցվել քրեական հետապնդում, կամ քրեական հետապնդում հարուցվել է, բայց քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով: Դրա շրջանակներում նաև վերանայվել է տուժողի կողմից հատուցման դիմումի կարգավորման համար ապահովագրական ընկերությանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը։


3.Սահմանվել է, որ այսուհետ ԱՊՊԱ վկայագրի սերիաները տրամադրվելու են ԱՄՄՊ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով. մինչ օրս դրանք տրամադրվում էին Բյուրոյի կողմից (ոչ ինքնաշխատ եղանակով), ինչը համահունչ չէ ԱՄՄՊ համակարգի պայմաններում գործընթացների ներկա ավտոմատացման մակարդակին։ Միաժամանակ, փոփոխվել է ԱՊՊԱ վկայագրի ծածկագրի սահմանման տրամաբանությունը՝ հնարավոր համակցությունների սպառման դեպքերից խուսափելու համար։


4.Պայմանավորված 2023 թվականից ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների գնագոյացման անհատական մոդելներին անցում կատարելով՝ վերանայվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանություն» Հավելված 3-ը, որը հնարավորություն է տալու յուրաքանչյուր ապահովագրական ընկերության առավել ազատական ձևով սահմանելու իր կողմից ապահովագրավճարների հաշվարկման համար կիրառվող մոդելը։


5.Սահմանվել է հիվանդանոցային բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մետաղական կոնստրուկցիաների կամ իմպլանտների օգտագործման դեպքում հավելյալ մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամի կանխավճարի հնարավորություն։ Ընդ որում, եթե օգտագործվող մետաղական կոնստրուկցիան կամ իմպլանտը տուժողին տրամադրվել է հիվանդանոցային բժշկական օգնություն ցուցաբերող բժշկական հաստատության կողմից, և մետաղական կոնստրուկցիայի կամ իմպլանտի գինը ցածր է եղել երեք հարյուր հազար ՀՀ դրամից, ապա մնացորդային գումարը որպես կանխավճար փոխանցվում է տվյալ բժշկական հաստատության կողմից տուժողին մատուցված այլ ծառայությունների համար։


6.Կատարվել են փոփոխություններ բջջային հավելվածի միջոցով համաձայնեցված հայտարարագրի լրացման գործընթացում։ Մասնավորապես գործող կարգավորման մեջ առկա հավելվածի լրացման քայլերի հստակ հաջորդականության փոխարեն ազատություն է տրվում ծրագրորեն քայլերի հաջորդականության փոփոխմանը՝ ըստ առկա պահանջմունքի։ Նման անհրաժեշտություն կարող է առաջանալ, օրինակ, լուսանկարների կատարման գործընթացն առաջ բերելու համար, որը հնարավորություն կտա պատահարի մասնակիցներին անմիջապես կատարել պահանջվող անհրաժեշտ լուսանկարները, ազատել ճանապարհի երթևեկելի մասը՝ երթևեկելի մասից հեռացնելով պատահարին ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները և հետո շարունակել պատահարի գրանցման գործընթացը։

 

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո դրանց՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 22.03.2023 16:07:53