Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հաճախ տրվող հարցեր

1.  

ԱՊՊԱ պայմանագրի կնքման հետ կապված հարցեր

 

Պարտավո՞ր եմ կնքել ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենան չշահագործելու դեպքում։

Քանի դեռ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված է ՀՀ-ում՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան փաստացի գտնվում է ՀՀ և ԼՂՀ տարածքներից դուրս, որի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բացակայում է: Այն դեպքում, երբ ավտոտրանսպորտային միջոցը չի շահագործվում, տուգանքներից խուսափելու համար առաջարկում ենք դիմել ճանապարհային ոստիկանություն՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու նպատակով, որն անվճար գործընթաց է։ 


Ի՞նչ տուգանքներ են սահմանված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում։

ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված  գործող ԱՊՊԱ  պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000 ՀՀ դրամի չափով:


Ո՞րքան ժամկետով է հնարավոր կնքել ԱՊՊԱ պայմանագիրը։

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով: Միևնույն ժամանակ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:


Փորձել եմ առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Արդյունքում գումարը գանձվել է, սակայն ԱՊՊԱ պայմանագիրը չի կնքվել։ Ու՞մ պետք է դիմել։

Բացառիկ դեպքերում տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի դեպքեր հանդիպում են, ուստի ԱՊՊԱ պայմանագրի կնքումից հետո մշտապես ստուգեք պայմանագրում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստը, և կնքված պայմանագիրը չստանալու դեպքում դիմեք այն ապահովագրական ընկերությանը, ում հետ կնքել եք պայմանագիրը, քանի որ միայն վերջինին է պատկանում փոխանցված գումարը վերադարձնելու իրավասությունը։

 

Ինչպե՞ս պարզեմ, թե ո՞ր ապահովագրական ընկերության հետ է կոնկրետ ժամանակահատվածում կնքված եղել տվյալ տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիրը։

Տեղեկատվությունն ստանալու համար կարող եք այցելել  https://aswa.am/vehicle-insurance հղումով։


Ինչպե՞ս կարող եմ փոխել ապահովագրական ընկերությունն, ում հետ ԱՊՊԱ պայմանագիր ունեմ կնքված։

Անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմում ներկայացնել պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ապահովադրի կողմից պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվելու դեպքում պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարը կարող է վերադարձվել մասնակի։ Դիմումի ներկայացման կարգը և պայմանները սահմանված են «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների  Հավելված 4-ով, որին կարող եք ծանոթանալ https://www.appa.am/datas/zlawdocs/c4f7d1abe6299aacb4717b2cc3f60010.pdf   հղումով։


ԱՊՊԱ ոլորտում պատահարների հետ կապված հարցեր


Արդյո՞ք
 անհրաժեշտություն կա պատահարի վայրից զանգահարել և ապահովագրական ընկերությանը տեղեկացնել պատահարի մասին, եթե օրինակ մյուս կողմը արդեն իսկ զանգահարել և տեղեկացրել է պատահարի 
մասին:

Պատահարում ներգրավված բոլոր վարորդները, անկախ իրենց մեղքն ընդունելու կամ չընդունելու հանգամանքից կամ մյուս վարորդի գործողություններից, պարտավոր են ԱՊՊԱ պատահարը տեղի ունենալուն հաջորդող 40 րոպեի ընթացքում  իրենց կողմից վարած ավտոտրանսպորտային

միջոցի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագրի վկայագրի վրա նշված՝ պատահարի տեղեկացման համար նախատեսված հեռախոսահամարով պատահարի մասին տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերությանը: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ պատահարը գրանցվել է ԱՄՄՊ (ASWA) բջջային հավելվածի միջոցով, որի ժամանակ զանգահարելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ պատահարը հավելվածի միջոցով պետք է գրանցվի ևս վերոհիշյալ 40 րոպեների ընթացքում:


Կարևոր է`

 

Որևէ վարորդի կողմից նշված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու իր պարտավորությունը չկատարելու դեպքում հետագայում տվյալ վարորդի մեղքով տուժողներին պատճառված վնասը հատուցելուց հետո տվյալ ապաապահովագրական ընկերությունն իրավունք կստանա վճարված հատուցման գումարը հետ պահանջել ինչպես տվյալ վարորդից, այնպես էլ վերջինի կողմից վարված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջից: 

 

 

ԱՊՊԱ ոլորտում հատուցումների հետ կապված հարցեր 

 

Որտե՞ղ պետք է ներկայացնել ապահովագրական հատուցման դիմումը։

Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է Ձեզ հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը, իսկ ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից ցանկացածին՝ Ձեր նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Ձեր նախընտրությամբ այլ ցանկացած ապահովագրական ընկերության։


Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հատուցման դիմում գրելիս։

Ապահովագրական հատուցում ստանալու համար համապատասխան ապահովագրական ընկերությանը ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանված է «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների  Հավելված 5-ով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.appa.am/datas/zlawdocs/c4f7d1abe6299aacb4717b2cc3f60010.pdf։


Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե տեղի ունեցած պատահարի վերաբերյալ պատահաբար սխալ տվյալներ են արձանագրվել։

Անհրաժեշտ է լրացնել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների հավելված 1-ի Ձև 11-ով նախատեսված տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ հայտարարություն և այն ներկայացնել Ձեր ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը՝ տվյալների փոփոխությանը Ձեզ հետ վերաբերող գործընթացների շրջանակներում համաձայնություն տալու համար։


Արդյոք հատուցվու՞մ են վարորդի մարմնական վնասվածքներն ինքնավթարի դեպքում։

Ինքնավթարի դեպքում վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինչպես գույքին, այնպես էլ կյանքին և առողջությանը պատճառված վնասները չեն հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։

 

Ինչպե՞ս է կարգավորվում հատուցման գործընթացը, եթե վնաս պատճառող տրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն ունեցող անձն անհայտ է։

Տվյալ դեպքում հատուցման ենթակա են միայն տուժողներին պատճառված անձնական վնասները (առկայության դեպքում), իսկ պատահարի հետևանքով առաջացած գույքային վնասները ԱՊՊԱ համակարգում կարող են հատուցվել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինների կողմից կհայտնաբերվի պատահարին մասնակից մեղավոր վարորդը։


Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, եթե ԱՊՊԱ պատահարում մեղավոր կողմը պատահարի պահին չի ունենում ԱՊՊԱ պայմանագիր։ Ու՞մ  նկատմամբ է Բյուրոն կիրառում հետադարձ պահանջի իրավունքը։

Եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա Բյուրոն տուժողին վճարված հատուցման գումարի, ինչպես նաև հատուցման կարգավորման և դրանց հետստացման ուղղությամբ կատարված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում և վնաս պատճառած անձի, և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, ովքեր  Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

 

Կրկնակի փորձաքննության ընթացակարգ

       

       Համաձայն չեմ պատահարի առաջացման պատճառների կամ գույքին      պատճառված վնասների վերաբերյալ առաջնային և/կամ լրացուցիչ փորձաքննության եզրակացության հետ։ Ինչպե՞ս բողոքարկեմ։

      Առաջնային փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով, իսկ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել միայն կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով։ Նշված պահանջները պետք է ներկայացվեն բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը Ձեզ  ծանուցած ապահովագրական ընկերության միջոցով  սահմանված ձևի վրա ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 2 (լրացուցիչ փորձաքննության պահանջի դեպքում) և 5 (կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում) աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում հիշյալ ժամկետում պետք է վճարվի նաև կրկնակի փորձաքննության համար սահմանված վճարը

     

Համաձայն չեմ կրկնակի փորձաքննության եզրակացության հետ։ Ինչպե՞ս բողոքարկեմ։

Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։

Դիմել եմ կրկնակի փորձաքննության իրականացման համար։ Քանի՞ օրում է իրականացվում տրանսպորտային միջոցի զննությունը։

Վնասված գույքի զննության իրականացման համար սահմանված է 3 աշխատանքային օր, որի հաշվարկն սկսվում է կրկնակի փորձաքննության նշանակման մասին ծանուցումը Ձեզ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից։

 

Ապահովագրավճարի չափը և Բոնուս-Մալուս համակարգը

 

Ինչպե՞ս կարող եմ ես ինքս իմանալ իմ ապահովագրավճարի չափը։

Յուրաքանչյուր ապահովադիր, վարորդ ինքնուրույն կարող է հաշվել իր ապահովագրավճարը Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների  ինտերնետային կայքում տեղադրված հաշվիչի միջոցով:


Ինչպե՞ս իմանալ որքան է կազմում ապահովագրավճարը կատարված փոփոխություններից հետո։

Համաձայն 2022 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտած փոփոխության՝


          •ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարն ավելացել է 3000 ՀՀ դրամով

          •նման պայմանագրի բացակայության դեպքում բազային ապահովագրավճարը  41 հազար ՀՀ դրամ է։


Վերը նշված բազային ապահովագրավճարը բազմապատկվում է ապահովադրի վաստակած Բոնուս-Մալուս դասին համապատասխանող գործակցով։

 

Բոնուս-Մալուս դասը կիրառվում է սեփականատիրո՞ջ, թե՞ վարորդի նկատմամբ։

Բոնուս-Մալուս  համակարգը կիրառվում է այն անձի (ապահովադրի) նկատմամբ, ում անունից կնքվել է տվյալ տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիրը, որի կարգավիճակում դեպքերի մեծամասնությունում հանդես է գալիս տրանսպորտային միջոցի սեփականատերը։


Ինձ համար հասկանալի չէ իմ Բոնուս-Մալուս  դասի  հաշվարկը, և ես ունեմ որոշակի անհամաձայնություններ։

Անհրաժեշտ է սահմանված ձևով ապահովագրական պատմության վերանայման դիմում ներկայացնել Ձեր տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը վերջին անգամ ապահովագրած ապահովագրական ընկերությանը՝ դիմումում նշելով ապահովագրական պատմությունում արտացոլված այն տեղեկատվությունը, որի հետ կապված ունեք անհամաձայնություններ, և Ձեր նկատառումները դրա վերաբերյալ։


Մեկ վթարի դեպքում, եթե ունեմ մեկ տրանսպորտային միջոց, որքա՞ն է թանկանալու ապահովագրավճարս կատարված փոփոխություններից հետո։

2022 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցած վթարների դեպքում մեղավոր կողմի Բոնուս- Մալուս դասի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն իր կնքած պայմանագրի շրջանակներում տեղի ունեցած հատուցումների քանակով, այլև՝ հատուցված գումարի չափով։

Այսպես, մինչև 100000 դրամ հատուցված գումարի չափի դեպքում մալուսային դասն ավելանում է 3 դասով

100.001-200.000 դրամ՝ 4 դասով

200.001-500.000 դրամ՝ 5 դասով

500.001-1.000.000 դրամ՝ 6 դասով

1.000.001-1.800.000 դրամ՝ 7 դասով

1.800.001-ից ավել դրամ՝ 8 դասով                                                                

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.appa.am/index.php?al=bonus_malus

 

Եթե նոր մեքենա գնեմ ու ապահովագրեմ, ապա նախկին մեքենայի ապահովագրական պատմությու՞նն են հաշվի առնելու ապահովագրավճար սահմանելիս:

Ոչ, Բոնուս-Մալուս համակարգում դիտարկվում է միայն սեփականատիրոջ ապահովագրական պատմությունը: Օրինակ, եթե Դուք գնել եք մեքենա, որով նախկինում գրանցվել են ապահովագրական դեպքեր, ապա այդ դեպքերը Ձեր ապահովագրավճարի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու:

 

Եթե որոշակի ժամանակ չունենամ ԱՊՊԱ պայմանագիր, այսինքն` մեքենա չունենամ, հետո նորից մեքենա ձեռք բերեմ ու ԱՊՊԱ կնքեմ, ո՞նց է հաշվարկվելու ապահովագրավճարը, իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվելու՞ է:

Այո,  Ձեր` որպես ապահովադրի ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ։

Բոնուս-Մալուս համակարգի հաշվարկման հիմքում ո՞ր թվականից սկսված պատմությունն է դրվում։

Բոնուս-Մալուս համակարգի հաշվարկման հիմքում դրվում է 2012 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ընկած ժամանակահատվածում որպես լիազորված տիրապետող (մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը) և (կամ) ապահովադիր ձևավորված պատմությունը։:

 

Եթե ապահովագրական ընկերությունը փոխեմ, ինչպե՞ս է տեղեկատվությունը փոխանցվելու իմ ապահովագրական պատմության վերաբերյալ:

ԱՊՊԱ համակարգում գործում է  միասնական ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ, որում պահվում է  Ձեր ապահովագրական պատմության վերաբերյալ տեղեկատվություն անկախ ապահովագրական ընկերությունից: Տեղեկատվությունը  փոխանցվում է այն ապահովագրական ընկերությանը, ում հետ Դուք մտադիր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

 

Ես իրավունք ունեմ ի սկզբանե պայմանագիր կնքելիս հրաժարվել օգտվել Բոնուս- Մալուս համակարգից, թե՞ այն պարտադիր է, ինչպես ինքը` ԱՊՊԱ-ն:

Բոնուս- Մալուս համակարգը պարտադիր գործում է` անկախ ապահովադրի  ցանկությունից:


Ամենաշատը ինչքա՞ն կարող է ավելանալ ապահովագրավճարը, և ո՞ր դեպքերում:

Ձեր ապահովագրավճարը առավելագույնը կարող է եռապատկվել: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում, էականորեն վատ ապահովագրական պատմություն (այնպիսի ԱՊՊԱ պատահարներում ներգրավվել, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին՝ այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար ստանալով մալուս՝ կախված այդ հատուցման գումարի չափից) վաստակելու դեպքում։

Օրինակ՝

Ենթադրենք ԱՊՊԱ համակարգ նոր մուտք գործած սպառողը մեկ տարվա ընթացքում ունեցել է երկու պատահարի գծով մեղավորություն, որոնցից յուրաքանչյուրի հատուցումը մեկ միլիոն  ՀՀ դրամից ավել է, ապա այդ սպառողի ապահովագրավճարը կեռապատկվի։

Մեկ տարվա ընթացքում, ապահովագրավճարը կարող է եռապատկվել, անգամ, երբ  փոխհատուցված գումարի չափը չի գերազանցում մեկ միլիոն ՀՀ դրամը այն դեպքում, երբ սպառողը նվազագույնը երեք պատահար ունենա իր մեղավորությամբ, որոնցից գոնե երկուսը կլինեն՝ 200000-500000 ՀՀ դրամի սահմաններում, մյուսը` 100.000-200.000 ՀՀ դրամի սահմաններում։


Բոնուսի համար 3%-ը շատ փոքր թիվ է:

Բոնուսի չափը ԱՊՊԱ պատահարներ չունենալու պարագայում տարեց տարի ավելանում է. Այսպես. յուրաքանչյուր 

365 պայմանագրային օրվա ընթացքում Ձեր պատճառով հատուցման որոշում չընդունվելու դեպքում Դուք կստանաք 

բոնուս:Այսինքն` եթե Դուք տվյալ տարում 3%ի չափով բոնուս եք ունեցել, ապա հաջորդ տարի պատահար չունենալու դեպքում 

Դուք կունենաք արդեն 6% զեղչ, նախկին 3-ի փոխարեն, և եթե նման կարգապահությունը շարունակական լինի, ապա հետագա տարիներին Ձեր Բոնուսի չափն 

ավելի մեծ քայլերով կմեծանա և 9 տարի հետո կհասնի առավելագույնը 50%:


Եթե ապահովագրական ընկերությունը սխալ է հաշվում ապահովագրավճարը, ու՞մ դիմեմ:

Եթե կարծում եք, որ ապահովագրական ընկերությունը ճիշտ չէ հաշվել Ձեր ապահովագրավճարը, ապա նախ` խնդրեք ապահովագրական ընկերությանը նորից հաշվել այն և բացատրել Ձեզ: Անհամաձայնությունը չլուծվելու դեպքում կարող եք դիմել Բյուրո` հետագա գործողությունների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար: Եթե ապահովագրավճարի չափի հաշվարկի հետ Ձեր անհամաձայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ձեզ վերագրվել է Ձեր ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի չունեցած վթար կամ չի տրամադրվել Բոնուս, ապա Դուք կարող եք վերանայման դիմում լրացնել ցանկացած ապահովագրական ընկերությունում, իսկ վերջինի արդյունքները Ձեզ չբավարարելու դեպքում բողոքարկման դիմում ներկայացնել Բյուրո: Բյուրոյի էլհասցեն է՝ info@appa.am, հեռախոսահամարը՝  (011)551755:

 

Թարմացվել է՝ 04.07.2022 14:42:02