ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 01.08.2018
Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոն տեղեկացնում է, որ ԱՊՊԱ ոլորտում
բացահայտվել է զեղծարարության ևս մեկ դեպք: Մասնավորապես՝ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝
Աշոտ Լևոնյանին
և Վարդան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինները խարդախությամբ
խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ` նախնական համաձայնության գալով միմյանց
հետ, խաբեությամբ հափշտակել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ից խոշոր չափի` 765.000 ՀՀ դրամ
գումար։ Այսպես` Աշոտ Լևոնյանը, 06.06.2016թ.-ին, ժամը 20։30-ի սահմաններում, գտնվելով
ոչ սթափ վիճակում, իր կողմից վարվող, Սենեքերիմ Արմենակյանին պատկանող և «Նաիրի Ինշուրանս»
ԱՍՊԸ-ում ապահովագրված «Օպել Աստրա» մակնիշի 34 TQ 452 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով
ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների հատման խաչմերուկում։
Ա. Լևոնյանը, լինելով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ և գիտակցելով,
որ ոչ սթափ վիճակում գտնվելու պայմաններում ապահովագրական ընկերությունը տուժած վարորդներին
չի փոխհատուցի իր կողմից պատճառված վնասը, ուստի պատահարից տուժած՝ «Մերսեդես» մակնիշի
60 CC 001 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի 033 MM 01 հաշվառման համարանիշի
ավտոմեքենաների վարորդներ, համապատասխանաբար Յուրիկ Հայրապետյանին և Արամ Վարդանյանին
փոխհատուցումը իրականացնելու և իրականությունը խեղաթյուրելու նպատակով՝ զանգահարել
և պատահարի վայր է հրավիրել իր ընկերոջը՝ Վարդան Ղազարյանին, որտեղ վերջինիս հետ «Նաիրի
Ինշուրանս» ԱՍՊԸ-ից խոշոր չափի գումար խաբեությամբ հափշտակելու նախնական համաձայնության
գալով՝ Վ.Ղազարյանը ՃՈ ծառայության և ապահովագրական ընկերության աշխատակիցներին խաբեության
եղանակով ներկայացել է որպես «Օպել Աստրա» մակնիշի 34 TQ 452 հաշվառման համարանիշի
ավտոմեքենայի վարորդ և ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ ու տվել համապատասխան
բացատրութուն, սակայն վերջինների կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին
չի հասցրել:
Երևան
քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի դատավճռով Աշոտ Բաբկենի Լևոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի
178-րդ հոդ-վածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվեց 700.000 (յոթ հարյուր
հազար) ՀՀ դրամ տուգանքի, իսկ Վարդան Վիսարյոնի Ղազարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի
178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվեց 500.000 (հինգ հարյուր
հազար) ՀՀ դրամ տուգանքի։
Արդյունքում,
ոչ միայն ապահովագրական ընկերությունը հատուցում չվճարեց զեղծարարության փորձ կատարած
անձանց, այլև վերջնները կրեցին ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված
հետևանքները:
Հարգելի
վարորդներ և ավտոսեփականատերեր,
Եվս մեկ
անգամ հորդորում ենք զերծ մնալ ապահովագրական զեղծարարություններ իրականացնելուց և
հավաստիացնում ենք, որ նման դեպքերի նկատմամբ լինելու ենք հետևողական՝ ի շահ ԱՊՊԱ համակարգի
կայունության և բարեխիղճ հաճախորդների շահերի պաշտպանության: ԱՊՊԱ ոլորտում առկա են
բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումներն ու տեխնիկական հնարավորությունները ինչպես
զեղծարարությունների բացահայտման, այնպես էլ զեղծարարների նկատմամբ համապատասխան հետևանքներ
կիրառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար: