Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 27.05.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 26-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հունիսի 5-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ու լրացումներն ընդգծված են։ 

Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները՝ 
1. Հստակեցվել է, որ ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան (այսուհետ՝ ԱՄՄՊ) համակարգի միջոցով ստեղծված և (կամ) փոխանակված փաստաթղթերի՝ ստորագրության համար նախատեսված դաշտերում կարող է արտացոլվել միայն տվյալ անձի անունը (անվանումը). նման փաստաթղթերը համարվում են տվյալ անձի (նրա անունից համապատասխան փաստաթուղթն ստորագրելու իրավասություն ունեցող անձի) կողմից փաստացի ստորագրված (ունեն նույն իրավական ուժը)՝ էլեկտրոնային փոստով ուղարկվելու (ԱՄՄՊ միջոցով ստեղծվելու և (կամ) փոխանցվելու) ուժով։ 
2. ԱՄՄՊ համակարգի միջոցով ստեղծված և (կամ) փոխանակված փաստաթղթերի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով սահմանվել է, որ ԱՄՄՊ համակարգում թույլատրվում է միայն այն օգտատերերի գործունեությունը, որոնք ստորագրել են Կանոնների Ձև 12-ով սահմանված օրինակելի ձևին համապատասխան պարտավորագիր և դրանք ներկայացրել են համապատասխան Ապահովագրողին (Բյուրոյին), իսկ փորձագետները՝ Բյուրոյին:  
3. Հստակեցվել է, որ Բյուրոն կարող է սահմանել ԱՄՄՊ համակարգի էլեկտրոնային փոստի հասցեից ուղարկված և (կամ) ԱՄՄՊ համակարգի միջոցով ստեղծված փաստաթղթերի պաշտպանվածության հավաստմանը և փաստաթղթերի ստեղծմանը ներկայացվող տեխնիկական պահանջներ և կիրառելիության դեպքում, դրանց ստուգման ուղեցույցներ, որոնք ԱՄՄՊ սպասարկող կազմակերպության կողմից ներկայացվելուց և Բյուրոյի գործադիր տնօրենի հետ համաձայնեցվելուց հետո, հրապարակվում են Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում։ 
4. Հստակեցվել է պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեի սահմանումը, մասնավորապես ապահովագրողներին ուղարկվող դիմումների, համաձայնությունների կամ անհամաձայնությունների և ցանկացած այլ պատասխանների գծով պատշաճ էլեկտրոնային փոստի հասցե է ճանաչվել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը տվյալ ծանուցմամբ նշված է որպես այդ ծանուցմանը հետպատասխանի հասցե, իսկ այդպիսին նշված չլինելու դեպքում՝ ապահովագրողի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակած էլեկտրոնային փոստի հասցեն։ 
5. Սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման կամ ապահովագրական այլ ծառայությունների վերաբերյալ առաջարկություն որևէ եղանակով ներկայացնելու նպատակով ապահովադրի վերաբերյալ տվյալները այդ ապահովադրի հետ երբևէ ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ապահովագրողի կողմից կամ նրա անունից օգտագործվելու դեպքում համապատասխան տվյալների կրող ապահովադիրն իրավունք ունի ապօրինի տեղեկացում իրականացրած անձից պահանջել հատուցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված վնասները և (կամ) վճարել տուգանք։ 
6. Սահմանվել է, որ պարզեցված և ստանդարտ հատուցման գործընթացների շրջանակներում գրանցված պատահարների մասով Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում համապատասխան գործողությունները Բյուրոյի կամ ԴՍԱ-ի կողմից չիրականացվելու դեպքում նախքան այդ գործողության իրականացումը չի սկսվում հաջորդ փուլի գործընթացը, և սահմանված ժամկետների կետանցման համար համապատասխան ուշացված օրերի համար տույժերի վճարման պատասխանատվությունը կրում է սահմանված ժամկետում համապատասխան գործողությունը չիրականացրած Բյուրոն (ԴՍԱ-ն)։ 
7. Սահմանվել է, որ ապահովագրական հատուցման դիմումն Ապահովադրի կողմից համարվում է ներկայացված համապատասխան ապահովագրողին նաև, եթե Կանոններով նախատեսված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ համապատասխան դիմումի լրացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունն ապահովադիրն ապահովագրողին հայտնել է ձայնագրվող հեռախոսազանգի միջոցով կամ տվյալների փոխանցման փաստն արձանագրող այլ տեխնիկական միջոցով, և ապահովագրողի կողմից լրացված հատուցման դիմումն ուղարկվել է ապահովադրի պատշաճ էլեկտրոնային հասցեով, որի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել Կանոններով սահմանված ժամկետում։ Սույն կետով նախատեսված փոփոխության նպատակն է առկա կարգավորումներում ընդլայնել հեռահար սպասարկման տարբերակները և հնարավորությունները։ 
8. Հաշվի առնելով ԱՊՊԱ ոլորտում ծանուցվող փաթեթների մեծ ծավալները (որոնք ներառում են նաև լուսանկարներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեսագրություններ)՝ սահմանվել է, որ փորձաքննության եզրակացություններին կից ելակետային տվյալները կարող են արտացոլվել համապատասխան հղումների տեսքով, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ փորձաքննության հիմք հանդիսացած նյութերին։ 
9. Ավելացվել է նոր կարգավորում, համաձայն որի՝ ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշումը կրկնակի փորձաքննության միջոցով բողոքարկման ենթակա փորձաքննությունների բացակայության դեպքում ուժի մեջ է մտնում ծանուցելուց 1 աշխատանքային օր հետո, քանի որ, ըստ էության, տվյալ դեպքում այլևս սպառված են ԱՊՊԱ ոլորտում բողոքարկման բոլոր հնարավորությունները։ 
10. Սահմանվել է, որ կրկնակի փորձաքննության ընթացքում կամ արդյունքների ծանուցումից հետո տվյալ պատահարի հանգամանքները ընդգրկող տեսագրությունը Բյուրոն կարող է հիմք ընդունել կրկնակի փորձաքննության ճշգրտման համար այն փորձագետին տրամադրելու նպատակով, եթե տեսագրությունը ներկայացվել է մինչև ապահովագրական հատուցման որոշման ուժի մեջ մտնելը։ 
11. Ավելացվել է նոր կարգավորում, համաձայն որի՝ եթե կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահի դրությամբ Բյուրոյի կողմից արդեն իսկ նշանակված է կրկնակի փորձաքննություն, ապա ներկայացված դիմումը թողնվում է անհետևանք, և կրկնակի փորձաքննությունն իրականացվում է սահմանված կարգով։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 27.05.2020 18:35:29