Կանոնների գրանցում
29.10.2020
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 28-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի
կողմից հաստատված՝ Բյուրոյի
կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 | 28/10/2020թ |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 | 28/10/2020թ |
Կատարված փոփոխություններով
մասնավորապես՝
RL 1-002 կանոններում փոխհաշվարկի ակտերի՝ ԱՊՊԱ
միասնական տեղեկատվական համակարգում հասանելի դարձնելու ժամկետը համապատասխանեցվել
է փաստացի իրավիճակին, այն է՝ սահմանվել է, որ դա իրականացվում է Կանոնների համաձայն
տվյալ ամսվա համար պատահական թվի ընտրության և ԱՊՊԱ միասնական տեղեկատվական համակարգում
մուտքագրման պահից։
RL 1-004 կանոններում՝
1. Սահմանվել է, որ եթե առկա է լրացուցիչ փորձաքննության արդյունք,
ապա ազդակ է հանդիսանում ոչ թե առաջնային և կրկնակի, այլ լրացուցիչ և կրկնակի փորձաքննության
արդյունքների միջև առկա շեղումը:
2. Սահմանվել է էլեկտրոնային արձանագրությունները մեկ օրինակից
կազմելու հնարավորությունը։
3. Վերականգնվել է վերահսկվող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության
միջոցի կիրառման՝ նախկինում գործող ընթացակարգը, համաձայն որի՝ սկզբնական փուլում այն
քննվում է Բյուրոյի խորհրդի կողմից ստեղծված մասնագիտացված կարգապահական հանձնաժողովի
կողմից, որի կայացրած որոշումը հաստատված է համարվում Բյուրոյի խորհրդի կողմից՝ առանց
լրացուցիչ քննարկման և փաստացի քվեարկության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացահայտվել
են հանձնաժողովի որևէ անդամի անաչառությունը բացառող հանգամանքներ, ինչն ազդել է վերջնական
որոշման վրա, կամ օրենքով սահմանված կարգով այդպիսի պահանջ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական
բանկը։
4. Սահմանվել է, որ Բյուրոյի կողմից վերահսկվող սուբյեկտից ստացված
առարկությունների ուսումնասիրության արդյունքում խախտման առկայության փաստը հերքվելու
կամ ոչ բավարար հիմնավորված համարվելու դեպքում կարգապահական վարույթը կարճվում է՝
առանց հետագա փուլերին անցում կատարելու։
5. Սահմանվել է, որ վերահսկողության արդյունքում խախտում չհանդիսացող
թերություններ հայտնաբերելու դեպքում Բյուրոն կարող է վերահսկվող սուբյեկտին ուղարկվել գրություն՝ Բյուրոյի դիտարկումների,
մտահոգությունների և առաջարկների վերաբերյալ։ Այդպիսի գրություն արձանագրություն կազմելու
փոխարեն կարող է ուղարկվել նաև այն դեպքերում, երբ Բյուրոյի հիմնավոր կարծիքով նման
գրության ուղարկումը արդյունավետ կլինի հայտնաբերված խախտման կրկնությունը հետագայում
բացառելու համար, և եթե խախտման արդյունքում էական վնասներ չեն առաջացել կամ վերացվել
են խախտում թույլ տված անձի կողմից։
Տեղեկացնում ենք նաև, որ
Կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի
«Իրավական ակտեր»
բաժնի
«Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։