Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 13.11.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 6-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 24-ին, բացառությամբ Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգավորմանը՝ կապված ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին ԱՄՄՊ համակարգում առկա տեխնիկական խոչընդոտների հետ, որոնց տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։ Վերջինի ուժի մեջ մտնելու մասով Բյուրոյի կողմից լրացուցիչ կծանուցվի։ 

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունները և լրացումները ընդգծված են։ 
Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները` 
1. Նախատեսվել է Ապահովադրի կողմից ապահովագրական համակարգին դիմումների ներկայացման երկու նոր եղանակներ. 
- հեռախոսազանգի կամ տվյալների փոխանցման փաստն արձանագրող այլ տեխնիկական միջոցներով, 
- Ապահովագրողի (Բյուրոյի) պաշտոնական ինտերնետային կայքի համապատասխան բաժնում կամ համապատասխան բջջային հավելվածի միջոցով դիմումի լրացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը մուտքագրելու միջոցներով հնարավորությունները։ 
2. Սահմանվել է, որ ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դիմումներն այլևս չեն կարող անմիջականորեն Բյուրոյին ներկայացվել (բացառությամբ Բյուրոյի ինտերնետային կայքում նախատեսված համապատասխան բաժնի կամ բջջային հավելվածի հնարավորությունների դեպքերը), այլ պետք է ներկայացվեն ԴՍԱ-ի միջոցով, որն էլ կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացրած անձի կողմից նման պահանջ ներկայացնելու իրավասության առկայության և ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ստուգումից հետո նույն օրվա ընթացքում դիմումը և այլ փաստաթղթերն ուղարկում է Բյուրոյին՝ ԱՄՄՊ համակարգի միջոցով, իսկ ԱՄՄՊ համակարգում նման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի միջոցով։ 
3. Սահմանվել է, որ Բյուրոն այլևս հանդես չի գալիս որպես ԴՍԱ, և ԱՊՊԱ պատահարում ներգրավված որևէ ապահովագրական ընկերության բացակայության դեպքում այսուհետ տուժողն ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել ցանկացած ապահովագրական ընկերության՝ իր ընտրությամբ։ 
4. Սահմանվել է, որ տուժողի կողմից վնասված գույքի վերանորոգման կամ զննության չներկայացնելու արգելքի խախտման հիմքով ապահովագրողը կարող է մերժել հատուցման վճարումը միայն այն դեպքում, երբ հիշյալ խախտման արդյունքում ապահովագրական հատուցման գործընթացում ներգրավված անձանցից որևէ մեկը զրկվել է կանոններով իրեն վերապահված որևէ իրավունքի իրականացման հնարավորությունից։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 13.11.2020 18:10:50