Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-001 կանոնների գրանցման վերաբերյալ 10.04.2024


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 2-ին գրանցվել են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 20-ին, բացառությամբ Կանոններում կատարված որոշ փոփոխությունների և լրացումների, որոնք ուժի մեջ կմտնեն ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝

1. Կանոնների գործող խմբագրության համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի գծով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերում սույն թվականի ապրիլի 1-ից վկայագրի «Հաշվեհամար» դաշտում պարտադիր պետք է լրացվի ապահովադրին (որոշ դեպքերում՝ նրա լիազորած անձին) պատկանող և ՀՀ-ում գործող բանկում բացված բանկային հաշվեհամար։ Վերոնշյալ կարգավորման արդյունքում          ՀՀ-ում կամ ԱՀ-ում հաշվառված, սակայն ՀՀ սահմանից դուրս գտնվող մեծաթիվ ավտոտրանսպորտային միջոցների գծով ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ևս պետք է պարտադիր լրացվի բանկային հաշվեհամար։ Մինչդեռ նմանատիպ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի մոտ մեծ է բանկային հաշվի բացակայության հավանականությունը, իսկ պետական սահմանի վրա բանկային հաշվի բացման գործընթացի կազմակերպումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել հատկապես այն պարագայում, որ ներկա պահին ՀՀ բանկերը բանկային հաշիվ բացելու հեռակա հնարավորություն չեն տրամադրում։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոնների փոփոխություններով բանկային հաշվեհամարի նշման պարտադիր պահանջից բացառություն է սահմանվել ՀՀ մաքսային սահմանով ՀՀ տարածք վարելու միջոցով մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների գծով երեք ամսից ոչ ավելի ժամկետով կնքվող պայմանագրերի համար։

2.  Կանոններով ելակետային տվյալներին տրված սահմանումը ենթադրում է դրա միայն թղթային տարբերակով լրացման հնարավորություն։ Մինչդեռ առաջիկայում            ՀՀ պարեկային ծառայության կողմից նախատեսվում է ելակետային տվյալները լրացնել նաև էլեկտրոնային եղանակով։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոններով ընդլայնվել է ելակետային տվյալների սահմանումը՝ դրա ներքո ներառելով նաև էլեկտրոնային տարբերակով լրացված փաստաթղթերը։

3. Կանոնների համաձայն՝ ապահովագրական պատահարից հետո ապահովադիրը պարտավոր է պատահարում ներգրավված ցանկացած ապահովագրողի և (կամ) Բյուրոյի ներկայացուցչին և (կամ) փորձագետին տրամադրել համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի զննում անցկացնելու հնարավորություն։ Սակայն լինում են դեպքեր, երբ պատահարի հետևանքով վնասված է լինում ավտոմեքենայից տարբերվող այլ գույք, որի գծով իրավական խնդիր է առաջանում ապահովադրից պահանջել զննության ներկայացնել այդ գույքը՝ հատուցման գործընթացը պատշաճ կարգավորելու համար։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոնների փոփոխություններով հստակեցվել է ապահովադրի պարտավորությունը նրա կողմից փորձագետին զննության ներկայացման ենթակա գույքի մասով՝ դրա մեջ ներառելով ցանկացած վնասված գույք։

4. Կանոնների համաձայն՝ հատուցման դիմումը պետք է ինքնաշխատ գեներացվի պարզեցված և ստանդարտ հատուցման գործընթաց 1-ի պահանջներին բավարարող պատահարում ներգրավված բոլոր ավտոմեքենաների գծով՝ անկախ դրանց վարորդների կողմից մեղավորությունն ընդունելու հանգամանքից։ Մինչդեռ ԱՄՄՊ համակարգում տրված տեխնիկական լուծմամբ դիմումներ գեներացվում են միայն անմեղ կամ մասամբ մեղավոր ճանաչված վարորդների գծով։ Գործող կարգավորմանը ծրագրային լուծումը համապատասխանեցնելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա անհարկի իրականացնել բազմաթիվ հատուցման գործընթացներ՝ ծախսելով ֆինանսական և այլ ռեսուրսներ և արհեստականորեն ուռճացնելով հատուցման դիմումի մերժման վիճակագրությունը։ Միևնույն ժամանակ, առկա ծրագրային լուծման պարագայում խնդիրներ են առաջանում այն ապահովադիրների գծով, որոնք անմեղ կամ մասամբ մեղավոր են ճանաչվում փորձաքննության արդյունքներով և տեղեկացված չեն լինում, որ հատուցում ստանալու համար պետք է եռամսյա ժամկետում հատուցման դիմում ներկայացնեն ապահովագրական ընկերությանը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոնների փոփոխություներով գործող կարգավորումը համապատասխանեցվել է առկա ծրագրային լուծմանը՝ մեկ շտկմամբ, որ  հատուցման դիմումն ինքնաշխատ պետք է գեներացվի ոչ միայն այն դեպքերում, երբ ապահովադիրը, համաձայնեցված հայտարարագրում կամ Ելակետ 1-ում կատարված նշումների համաձայն, համարվել է անմեղ կամ մասամբ մեղավոր, այլև եթե նա այդպիսին է ճանաչվել ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննության արդյունքների հիման վրա։

5. Կանոններում առկա չէ ֆորմալ հիմք՝ առ այն, որ ԱՊՊԱ պատահար չհանդիսացող դեպքերում պատճառված վնասների հատուցումը ենթակա է մերժման։ Արդյունքում, այն դեպքերում, երբ փորձագետի կողմից եզրակացություն է տրվում՝ առ այն, որ վթարի հետևանքով տվյալ ավտոմեքենային վնաս չի պատճառվել (հին վնասներ են), ապահովագրական ընկերություններն ստիպված են լինում կայացնել ապահովագրական հատուցում վճարելու մասին որոշում՝ 0 դրամով։ Արդյունքում խաթարվում է նաև ԱՊՊԱ ոլորտի վիճակագրության ճշտությունը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոններով սահմանված հատուցման մերժման հիմքերում հստակեցվել է, որ հատուցման դիմումը ենթակա է մերժման նաև այն դեպքերում, երբ առկա չէ ԱՊՊԱ պատահար՝ ներառյալ չի առաջացել համապատասխան վնասներից ոչ մեկը։

6. Կանոնների ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում որպես այլընտրանքային փաստաթուղթ վերականգնվել է վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից ընդունված եզրակացությունը կամ որոշումը և (առկայության դեպքում) դրա հիմքում ընկած փաստաթղթերը։

7. Կանոններով հստակեցվել է, որ տուժողի կողմից ներկայացման ենթակա դատաբժշկական (բժշկական) փորձաքննության ակտը (եզրակացությունը) կարող է կազմված լինել նաև քրեադատավարական գործընթացներից դուրս։

8. Ապահովագրական ընկերությունների կողմից հաճախ են բարձրաձայնվում խնդիրներ՝ կապված պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն նշանակելու դեպքում լրացուցիչ ծախսեր կատարելու վերաբերյալ, մասնավորապես այն դեպքերում, երբ պատահարում ներգրավված է միայն մեկ ավտոմեքենա։ Համաձայն գործող մեթոդաբանության՝ նման դեպքերում փորձագետը պարտավոր է մեղավորություն տրամադրել տվյալ ավտոմեքենայի վարորդին։ Արդյունքում ստացվում է, որ անիմաստ գեներացվում է փորձաքննության գործընթաց՝ ի սկզբանե հայտնի արդյունքով։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոնների փոփոխություներով սահմանվել է, որ Ստանդարտ հատուցման գործընթաց 1-ի դեպքում պատահարում միայն մեկ տրանսպորտային միջոց ներգրավված լինելու դեպքում պատահարի առաջացման պատճառների առաջնային փորձաքննությունը չի նշանակվում, և որպես փորձագետի եզրակացություն ընդունվում է Ելակետ 1-ը, որով հաստատված է համարվում, որ պատահարի առաջացման մեջ միակ մեղավորը պատահարում ներգրավված միակ ՏՄ-ի վարորդն է։

9. Կանոնների գործող խմբագրության համաձայն՝ ապահովագրական ընկերությունը, տուժողի առողջությանը պատճառված վնասների և կորցրած աշխատավարձի վերաբերյալ հատուցման դիմում, դիմումին կից մի շարք ՀԴՄ կտրոններ, վճարման անդորրագրեր, բժշկական փորձաքննության ենթակա բժշկական փաստաթղթեր ստանալով, 1 աշխատանքային օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի՝ հատուցում վճարելու/մերժելու վերաբերյալ։ Արդյունքում ապահովագրական ընկերությունները գրեթե բոլոր դեպքերում անկախ իրենց կամքից խախտում են հիշյալ կարգավորման պահանջը՝ կրելով տույժեր վճարելու բեռը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) փաթեթի ծանուցման համար անձնական վնասների գծով Կանոններով սահմանված 1 աշխատանքային օրվա ժամկետը տուժողին բժշկական ծառայություններ մատուցած կազմակերպություններին վճարվող գումարների մասով սահմանվել է 5 աշխատանքային օր, իսկ այլ անձնական վնասների մասով՝ 3 աշխատանքային օր։

10.  Կանոններում հստակեցվել է փորձաքննության պատվերները հետ կանչելու և կրկին նշանակելու  պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով նաև արդեն ներդրված ծրագրային լուծումներին։ Մասնավորապես սահմանվել է, որհետ կանչված փորձաքննությունը հնարավոր է կրկին նշանակել միայն նույն փորձագիտական կազմակերպությանը, որին նախապես նշանակվել էր փորձաքննությունը,  առաջնային փորձաքննությունը հետ կանչվելուց հետո նորից նշանակվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են սկզբնական նշանակման օրվանից, բացառությամբ, եթե ելակետերում սահմանված կարգով փոփոխություն է կատարվել։

11. Կանոնների գործող խմբագրությամբ կարգավորված չէ այն դեպքը, երբ Ստանդարտ հատուցման գործընթաց 2-ի շրջանակներում իրականացված պատահարի առաջացման պատճառների փորձաքննությամբ տրամադրվել է մեղավորության որոշման անհնարինություն։ Նման դեպքերում հատուցման գործընթացը կարգավորվում է՝ անալոգիայով կիրառելով ստանդարտ հատուցման գործընթաց 1-ի համար սահմանված մոտեցումը, այն է՝ փորձաքննության արդյունքի տեսանկյունից բոլոր վարորդները ճանաչվում են հավասարազոր մեղավոր: Սակայն այդպիսի իրավակիրառ պրակտիկան ամրապնդված չէ իրավական հիմքով։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ գործնականում կիրառվող կարգավորմանը Կանոններով տրվել է իրավական հիմք։

12. «ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննությունների ոլորտում մի շարք իրավիճակային խնդիրների լուծումների» մատրիցան, Կանոնների գործող խմբագրության համաձայն, հաստատվում է փորձագետների կոմիտեի կողմից և համաձայնեցվում Բյուրոյի խորհրդի կողմից։ Նկատի ունենալով, որ այդ մատրիցան կրում է խիստ մասնագիտական բնույթ, այն, ըստ էության, չի քննարկվում Բյուրոյի խորհրդում և պարզապես լրացուցիչ ծանրաբեռնում է խորհրդի օրակարգը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Կանոններից հանվել է «ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննությունների ոլորտում մի շարք իրավիճակային խնդիրների լուծումների» մատրիցան Բյուրոյի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու պահանջը։

13. Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետևանքով առաջացած ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշները սահմանող աղյուսակում տարանջատված բժշկական ծառայությունների սահմանումների գծով գործնականում առաջանում են տարընթերցումներ, որոնք հանգեցնում են ապահովագրական ընկերությունների կողմից տուժողներին հատուցման ենթակա գումարների սահմանափակմանը։ Բացի այդ, տարիներ առաջ հիվանդասենյակի համար Կանոններով սահմանված հատուցման առավելագույն սահմանաչափն այլևս չի արտացոլում առկա գնացուցակները, որոնց պարագայում նման գումարի սահմաններում Երևան քաղաքում հնարավոր չէ գտնել որևէ հիվանդասենյակ։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ ամբուլատոր բուժօգնությունների ցանկից առանձնացվել են ստոմատոլոգիական ծառայությունները, բուժման և ֆունկցիայի վերականգման նպատակով նշանակված բժշկական սարքավորուﬓերի, պարագաների և պրոթեզների ձեռքբերման գծով ծախսերում տարանջատվել են օրգանիզﬕ ներսում տեղադրվողներն արտաքին օգտագործման համար նախատեսվածներից։ Միաժամանակ վերանայվել է հիվանդասենյակի վճարի օրական սահմանաչափը՝ այն 6000 ՀՀ դրամից դարձնելով 10.000 ՀՀ դրամ։

14. Դեռևս 2023թ-ին Կանոններով սահմանվել էին կարգավորումներ՝ կապված բանկային հաշվեհամար չունեցող կամ բանկային հաշվեհամարին չտիրապետող ապահովադիրների համար ինքնաշխատ բանկային հաշվեհամարի (էլեկտրոնային փողի հաշվի) բացման և ԱՊՊԱ պայմանագրում արտացոլման հնարավորության վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Կանոններով սահմանված վերոնշյալ կարգավորումն այլևս արդիական չէ,  Կանոններից հանվել են ինքնաշխատ բանկային հաշվեհամարի (էլեկտրոնային փողի հաշվի) բացման հետ կապված կարգավորումները և ընդհանրապես էլեկտրոնային փողի հաշվի համարը պայմանագրում լրացնելու հնարավորությունը։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 12.04.2024 16:01:04