Ապահովադիրն ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքող անձն է կամ կազմակերպությունը։
ԱՊՊԱ մասին օրենքով ԱՊՊԱ պայմանագիր կարող են կնքել`
- ավտոմեքենաների սեփականատերերը,
- ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները,
- ավտոմեքենաները ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծող անձինք` անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելու հանգամանքից։
Ուշադրություն
Առքուվաճառքի պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմը (օրինակ` նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող անձը) նույնպես կարող է կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Պարտադիր ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը`
- մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ3–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաներ,
- հատուկ առանձնացված վայրերում մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում,
- բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաներ,
- ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաներ` մինչև ՀՀ տարածքում դրանց օգտագործումը։
Ուշադրություն
Ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժել ԱՊՊԱ պայմանագրի կնքումը։
Եթե Դուք ունեք մի քանի մեքենա, ապա ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։
Թարմացվել է՝ 17.06.2021 16:22:50