Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Ընդհանուր բնութագիր կամ ինչ է ԱՊՊԱ-ն
Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ առօրյայում անխուսափելի են ավտոտրանսպորտային պատահարները և դրանց անցանկալի հետևանքները։

Սովորաբար, ավտովթարի դեպքում կարող են առաջանալ`
  1. մեղավոր վարորդի մեքենային, գույքին և կյանքին պատճառված վնասների հետ կապված ծախսեր,
  2. երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասների հետ կապված ծախսեր։

Եթե առաջին տիպի ծախսը մեղավոր վարորդը (մեքենայի սեփականատերը) իր հայեցողությամբ կարող է և չկատարել կամ ի վիճակի չէ կատարել, ապա երկրորդ խումբ ծախսերի հատուցումը տուժած անձանց պարտադիր է օրենքով, և հնարավոր չէ դրանցից խուսափել։

Ավելին, երկրորդ խումբ ծախսերը անկանխատեսելի են և կարող են բավականին մեծ չափերի հասնելով զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին։ Եթե մեղավոր վարորդը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում փոխհատուցել այդ ծախսը, ապա այն մնում է տուժողի վրա, որը ստիպված է լինում երկարատև քաշքշուկների մեջ ընկնել վնաս հասցնողի հետ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ դեպքերում տուժող կողմը ևս հնարավորություն չի ունենում իր հաշվին վերականգնել իր կրած վնասները և վճարել օրինակ` իր առողջության վերականգնման համար` հետագայում վնաս հասցնողից ստանալու ակնկալիքով, ապա այս դեպքում առաջանում են սոցիալական խնդիրներ և լարվածություն։

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները։



ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կյանքին, մեքենային և այլ գույքին պատճառված վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների գույքային վնասները։

Եթե Դուք որպես վարորդ (մեքենայի սեփականատեր) ցանկանում եք ապահովագրել նաև Ձեր մեքենային, այլ գույքին, կյանքին պատճառված վնասները (1-ին խումբ ծախսեր), ապա կամավոր կերպով կարող եք կնքել նման ապահովագրության պայմանագրեր։

ԱՊՊԱ ունենալու դեպքում`
  • Մեղավոր սեփականատերը (վարորդը) իր ապահովագրական ընկերության միջոցով հնարավորություն կունենա փոխհատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց (հետիոտն, ուղևորներ, այլ վարորդներ) պատճառած վնասները,
  • Տուժողը կստանա անձնական վնասների (առողջության վերականգնման ծախսերի, չստացված աշխատավարձի, մահվան ծախսերի) և գույքային վնասների (մեքենա և այլ գույք) հատուցում։
    Թարմացվել է՝ 04.11.2021 16:39:57