Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ 27.07.2012

      Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ համաձայն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացին ներկայացվող նոր պահանջների (RL 1-038 կանոններ)՝ սույն թվականի օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվելու են բացառապս տպագիր ձևով:

      Նշված փոփոխությունը միտված է օժանդակելու ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի արդյունավետության, ապահովադիրների սպասարկման որակի և ԱՊՊԱ համակարգի սպառողների բավարարվածության բարձրացմանը: Նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարևոր է պայմանագրի գործողության ընթացքում հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձևի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ:
       Պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակը թույլ կտա նաև ապահովել ԱՊՊԱ համակարգի տվյալների առավելագույն ճշգրտությունն ու ամբողջականությունը, ինչը հանդիսանում է ապահովադիրների շահերի պաշտպանության համակարգի կարևոր տարր: Տվյալների էլեկտրոնային շրջանառության իրականացումը հնարավորություն կտա ՀՀ կենտրոնական բանկին և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դարձնել առավել արդյունավետ:
       Գործող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետևաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաև ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքների իրականացումը:
       Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին առավել հետևողական լինել իրենց շահերի պաշտպանությանը և ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը և հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջներին բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցին փակցնելը չի հանգեցնում ապահովագրման պարտադիր պահանջի կատարման և կարող է բերել օրենքով սահմանված պատասխանատվության:

Թարմացվել է՝ 03.12.2013 12:55:45