Հայտարարություն 12.09.2019 Հարգելի ավտոսեփականատերեր,
Հաշվի առնելով սպառողների կողմից Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյին ուղղված բազմաթիվ հարցադրումները՝ կապված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքների հետ, հարկ ենք համարում հիշեցնել հետևյալը․
1. Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող և ՀՀ-ում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր՝ կնքված ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերության հետ: Այսինքն՝ քանի դեռ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված է ՀՀ-ում՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան փաստացի գտնվում է ՀՀ տարածքից դուրս, որի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բացակայում է։
2. Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի ` յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000 ՀՀ դրամի չափով:
3. Այն դեպքում, երբ ավտոտրանսպորտային միջոցը չի շահագործվում, տուգանքներից խուսափելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու նպատակով: Ի դեպ՝ հարկ ենք համարում նշել, որ ավտոմեքենան հաշվառումից ժամանակավոր հանելու և հետագայում հաշվառումը վերկանգնելու գործընթացները Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվում են անվճար։
4. Վերաբերելի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Բյուրոյի www.appa.am կայքում։
Հարգանքով,
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո