Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 27.01.2023


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թվականի հունվարի 20-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատ­ված Բյուրոյի կանոններում, ինչպես նաև Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոնադրությունում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 

Փոփոխված կանոնների անվանումը

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002

20/01/2023

Բացառությամբ կանոնների 4-րդ կետի փոփոխության, որն ուժի մեջ է մտնում ապահովագրական հատուցման գումարը տուժողի տրամադրած լիազորագրի հիման վրա երրորդ անձի կողմից ստանալու հնարավորությունը նախատեսող կարգավորումն ուժի մեջ մտնելու պահից

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003

01/02/2023

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004

20/01/2023

«ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005

20/01/2023

Բացառությամբ Հավելված 12-ի փոփոխության, որն ուժի մեջ կմտնի համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրման պահին, որի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կտեղեկացվի

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի» կանոնադրություն

21/01/2023

 

Կատարվել են հիմնականում հետևյալ փոփոխությունները՝

 

RL 1-002 կանոններ

Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում ԴՍԱ-ի կողմից ԱՊՊԱ հատուցման գործընթացների կարգավորումն ապահովելու նպատակով փոխհաշվարկի հետ կապված պահանջի ներկայացման ժամկետ է սահմանվել տվյալ տեսակի վնասի հատուցման համար ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերն ամբողջական և պատշաճ կերպով ԴՍԱ-ի կողմից ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամիսը։

Սահմանափակում է մտցվել նաև հատուցումների փաստացի վճարման ժամկետների մասով՝ փոխհաշվարկի իրականացումը հնարավոր համարելով միայն այն պահանջների գծով, որոնցով փաստացի վճարումն իրականացվել է փոխհաշվարկի պահանջը ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։

 

RL 1-003 կանոններ

1.      ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման համար կանոններով սահմանված բարեվարքության պահանջներին համապատասխանության փաստի ստուգման գործուն մեխանիզմի ապահովման նպատակով կանոններով սահմանված հիմնավորող փաստաթղթերի ցանկը համալրվել է նոր փաստաթղթերով։

2.     Սահմանվել է, որ վնասների գնահատում իրականացնող փորձագիտական կազմակերպությունների ղեկավարը և բոլոր ֆիզիկական անձ փորձագետները աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չպետք է գտնվեն որևէ ապահովագրական ընկերության, Բյուրոյի հետ։ Կանոններում նման մոտեցման ամրագրումը մի կողմից ապահովում է համահունչ կարգավորում վնասների և պատճառների փորձագիտական կազմակերպությունների միջև (վերջինների ղեկավարների և աշխատող փորձագետների համար կանոնների գործող խմբագրությամբ արդեն իսկ սահմանված է համապատասխան արգելքը), մյուս կողմից ապահովում է վնասի գնահատման գործընթացի անկախությունն ապահովագրական ընկերություններից։

3.        Որոշակի փոփոխություններ են կատարվել ԱՊՊԱ ոլորում վնասների և պատճառների փորձագետների լրացուցիչ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ համաձայնագրերում՝ կապված փորձագետի կողմից վնասների փոխհատուցման պարտավորության անվերապահ հիմքերի հետ։

 

RL 1-004 կանոններ

1.        Կատարվել է փոփոխություն՝ պայմանավորված նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով։

2.       Անձի բարեվարքության պահանջներին համապատասխանության համար ներկայում սահմանված որոշ պահանջների գնահատման օբյեկտիվության ապահովման համար սահմանվում են այդ պահանջների գնահատման չափանիշներ։

 

RL 1-005 կանոններ

1.         Կանոններով էլեկտրոնային փոստի հասցեի նկատմամբ պահանջները սահմանվել են RL 1-001 կանոններով սահմանված տրամաբանության ներքո։

2  Կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ։

 

Բյուրոյի կանոնադրություն

 Կատարվել է համապատասխան լրացում, որով որպես Բյուրոյի գործադիր տնօրենի բացակայության դեպքում վերջինի պարտականությունների իրականացման իրավասություն չունեցող անձ ավելացվել է նաև գլխավոր հաշվապահի տեղակալը։

 

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխությունների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում, իսկ Կանոնադրությունը՝ «Բյուրոյի մասին» բաժնի «Բյուրոյի կանոնադրություն, այլ ներքին իրավական ակտեր» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 27.01.2023 16:36:15