Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 15.01.2024

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 10-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 

 

Փոփոխված կանոնների անվանումը

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002

10/01/2024

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003

10/01/2024, բացառությամբ Բյուրոյի խորհրդի որոշմամբ սահմանված փորձագետների պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը Բյուրոյի կողմից սահմանված և Ապահովագրողներին և իրավաբանական անձ փորձագետներին ծանուցված նվազագույն պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փոփոխությանը, որն ուժի մեջ է մտնում 10/03/2024

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004

10/01/2024

 

 

Կատարված փոփոխություններով մասնավորապես՝

RL 1-002 կանոններում`

1.  Հստակեցվել է փոխհաշվարկի ճշգրտման գործընթացում դատական կամ այլ ծախսերի գծով պատասխանատվություն կրող կողմը։

2. Սահմանվել են ճշգրտման ակտերի նոր տիպային օրինակներ։

 

RL 1-003 կանոններում`

1. Կանոններով «նյութագետ» մասնագիտացմամբ փորձագետ ունենալու պահանջը փոխարինվել է պահանջով առ այն, որ նյութագիտական հետազոտություն կատարելու վերաբերյալ պատվեր ստանալու դեպքում փորձագիտական կազմակերպությունը պարտավոր է ապահովել «նյութագետ» մասնագիտացմամբ որակավորում ունեցող անձի հետ համապատասխան պայմանագրի կնքումը:

2. Սահմանվել է, որ փորձագետների պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը պետք է համապատասխանեն Բյուրոյի կողմից սահմանված և Ապահովագրողներին և իրավաբանական անձ փորձագետներին ծանուցված նվազագույն պահանջներին։ Միաժամանակ, ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրի կնքումից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով սահմանվել է, որ ապահովագրողները փորձագետի բանավոր կամ գրավոր դիմումի (պահանջի) համաձայն՝ պարտավոր են վերջինի հետ կնքել այդպիսի պայմանագիր։

 

RL 1-004 կանոններում`

1. Պարզեցվել է կարգապահական հանձնաժողովի որոշումների հաստատման գործընթացը՝ սահմանելով, որ որոշումն ուղարկվում է Բյուրոյի խորհրդի անդամներին, և հնգօրյա ժամկետում սահմանված հիմքերով դրա փոփոխման մասին ազդակ չստացվելու դեպքում որոշումը համարվում է հաստատված։

2. Սահմանվել է, որ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ բոլոր որոշումներով պատասխանատվություն ենթարկվող սուբյեկտներին առաջարկվելու է տուգանքը վճարել տարաժամկետ կարգով՝ սահմանելով, սակայն, որ բացի տուգանքի գումարից նման դեպքերում ենթակա են վճարման նաև տոկոսներ՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով։

Տեղեկացնում ենք նաև, որ կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 15.01.2024 15:05:58