Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-001 կանոնների գրանցման վերաբերյալ 03.04.2025

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 26-ին գրանցվել են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից սույն թվականի հունվարի 30-ի և փետրվարի 18-ի համապատասխանաբար 2-Լ և 9-Լ որոշումներով  հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 14-ին, բացառությամբ Կանոններում կատարված որոշ փոփոխությունների և լրացումների, որոնք ուժի մեջ կմտնեն ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝

1. Բյուրոն հաճախակի սպառողներից ստանում էր բողոքներ՝ կապված փորձաքննության արդյունքների գծով ներկայացված լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության պահանջները մերժելու հետ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ ապահովագրական ընկերությունները, խախտելով կանոններով սահմանված պահանջը, ապահովագրված անձից կամ տուժողից սխալ ձևով դիմում ստանալու դեպքում 1 օրվա ընթացքում չեն տեղեկացնում դիմումը պատշաճ ձևով ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ կցելով համապատասխան ձևը։ Արդյունքում, խախտվում են բողոքարկման ժամկետները, և տուժողները զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով սահմանվել է, որ եթե ընկերությունը նշված պահանջը չի կատարում, ապա դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, իսկ պարտավորությունը խախտած ապահովագրողը կրում է դրա հետ կապված բացասական հետևանքների ռիսկերը։

2. Սահմանվել է ապահովադրի կողմից տվյալների մշակման դադարեցման պահանջ ներկայացնելու իրավունքի և դրա հնարավոր բացասական հետևանքների մասին ծանուցումը։

3. Տուժողների առողջությանը պատճառված վնասների վերականգնման նպատակով նրանք հաճախ ունենում են վերականգնողական բուժման կարիք երկրորդ անգամ ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո։ Կանոններով վերականգնողական բուժման առավելագույն ժամկետի համար  հաշվարկները հստակ կարգավորված չէին, և ապահովագրական ընկերությունները վերականգնողական բուժման ժամկետի սկիզբ դիտարկում էին տուժողին առաջին անգամ ստացիոնար բուժօգնություն ստանալու պահը, որը տուժողների տեսանկյունից արդարացված չէր։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով հստակեցվել է ժամկետների հաշվարկի սկիզբը՝ սահմանելով, որ տվյալ պատահարի հետևանքով պատճառված վնասների գծով միայն ամբուլատոր բուժօգնություն և (կամ) վիրահատական միջամտությամբ չուղեկցված ստացիոնար բուժօգնություն ստացված լինելու դեպքում՝ այդպիսին է համարվում առաջին անգամ բժշկական հաստատությունից տուժողի դուրս գրման օրը, իսկ տվյալ պատահարի հետևանքով պատճառված վնասների գծով վիրահատական միջամտությամբ ուղեկցված ստացիոնար բուժօգնություն ստացված լինելու դեպքում՝ վերջին վիրահատական միջամտությունից հետո բժշկական հաստատությունից տուժողի դուրս գրման օրը։

4. Վերջերս հաստատված Կանոնների փոփոխություններով Երևանում բջջային հավելվածով լրացված համաձայնեցված հայտարարագրերով փոխհատուցման առավելագույն չափը բարձրացվել է 200 000-ից 400 000 դրամ, իսկ վնասի փորձաքննության իրականացման ժամկետը մնացել են անփոփոխ՝ հաշվի չառնելով կրկնակի բարձրացված վնասի պարագայում վնասի հաշվարկի հետ կապված աշխատանքների ծավալի էական աճը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ պարզեցված հատուցման գործընթացի դեպքերում 200 000 ՀՀ դրամը գերազանցող վնասների գծով փորձաքննության իրականացման ժամկետը կանոններով սահմանվել է 5 աշխատանքային օր, ինչը կհամապատասխանի մինչև փոխհատուցման առավելագույն չափի բարձրացումն առկա իրավիճակին։

5. Գործող կարգավորումներով սահմանված չէ, թե ապահովագրական հատուցման որոշում կայացվելուց հետո անձնական վնասների գծով լրացուցիչ փաստաթղթեր կազմվելու դեպքում ինչ ժամկետներում է անհրաժեշտ դրանք ներկայացնել ԴՍԱ-ին՝ հատուցման գործը վերաբացելու համար։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով սահմանվել է, որ ապահովագրական հատուցում վճարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան տուժողին տվյալ ԱՊՊԱ պատահարի հետևանքով պատճառված անձնական վնասի չափի վրա ազդող լրացուցիչ փաստաթղթեր կազմվելու դեպքում նախկինում սկսված հատուցման գործընթացը վերաբացվելու համար նշված փաստաթղթերը ենթակա են ներկայացման ԴՍԱ-ին այդ փաստաթղթերը տուժողին տրամադրվելուց հետո՝ 1 տարվա ընթացքում։

6. Գործող կարգավորումների համաձայն՝ փորձագետի կողմից անհնարինության գրություն տրամադրվելու դեպքերում հստակեցված չէր, թե լրացուցիչ փորձաքննություն անցկացված լինելու դեպքում որ փորձաքննության արդյունքներն է անհրաժեշտ համարել հաստատված։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով սահմանվել է, որ լրացուցիչ փորձաքննության դեպքում հաստատված են համարվում առաջնային փորձաքննության արդյունքները, իսկ կրկնակի փորձաքննության դեպքում՝ առաջնային (լրացուցիչ փորձաքննություն իրականացված լինելու դեպքում՝ լրացուցիչ) փորձաքննության արդյունքները:

7. Գործող կարգավորումներով սպառիչ թվարկված էին գույքին պատճառված վնասների փորձաքննության պատվերին կից վնասների փորձագետին տրամադրման ենթակա փաստաթղթերը, որոնց շարքում առկա չէր լրացուցիչ փորձաքննության դիմումը։ Մինչդեռ այն պայմաններում, երբ առաջնային փորձաքննության ժամանակ փորձագետները անմիջականորեն չեն զննում վնասված գույքը, դեպքերի ճնշող մեծամասնությունում անհնար է բացահայտել գույքին պատճառված բոլոր վնասները՝ առանց ուսումնասիրելու լրացուցիչ փորձաքննության դիմումի «նկատառումներ» դաշտում ապահովադրի կողմից նշված հանգամանքներն ուսումնասիրելու։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ վնասի լրացուցիչ փորձաքննություն իրականացնող փորձագետին տրամադրվող փաստաթղթերի ցանկում ավելացվել է լրացուցիչ փորձաքննության դիմումը։

8. Ծանուցումների ստացման և դրանց վերաբերյալ որոշակի գործողություններ իրականացնելու համար սահմանված ժամկետների հաշվարկի սկզբի շուրջ որոշակի թյուրըմբռնումներ էին առաջանում: Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով հստակեցվել է գործող ձևակերպումը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված համապատասխան կարգավորումներին։

9. Սահմանել են 2025 թվականի համար հիմնական և բազային ապահովագրավճարների տարեկան առավելագույն սահմանաչափը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները՝ վերահասատատելով 19/12/2024թ-ի թիվ 35-Լ որոշման ընդունման պահին գործող համապատասխան սահմանաչափը, արժեքները և մեծությունները։

10. Սահմանվել է 2025թ-ի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկերը, որով վերահաստատվել Է 2024 թվականի համար սահմանված ցանկերը։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 04.04.2025 11:17:26